Հրատարակիչների ազգային ասոցիացիայի

Ապրիլի 23-ը «Գրքի, հեղինակային իրավունքի և Գրքի համաշխարհային մայրաքաղաքի» օրն է

1995 թ. նոյեմբերի 15-ին հրավիրված` ՅՈՒՆԵՍԿՕ-ի 28-րդ նստաշրջանի որոշմամբ /N 3.18 բանաձև/ ապրիլի 23-ը հայտարարվեց «Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր»` ի պատիվ ` անգլիացի դրամատուրգ և բանաստեղծ Վիլյամ Շեքսպիրի, իսպանացի Միգել դը Սերվանտեսի և պերուացի Ինկա Գարսիլասո դե լա Վեգայի: Այս երեք մեծանուն հեղինակություններն իրենց մահկանացուն կնքել են նույն օրը` 1616 թվականի ապրիլի 23-ին:
Գրքասերներն այսօր ամենուր միավորվում են տարբեր աշխարհամասերում գործող ընկերակցությունների մեջ, մտահոգվում են գրքի և ընթերցանության ներկայիս տագնապալի վիճակը շտկելու խնդրով, դպրոցներում, պետական հիմնարկներում և մասնավոր ձեռնարկություններում մեծ ոգևորությամբ նշում են այդ հիանալի տոնը, քանի որ այն, հենց սկզբից, գրքի ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները խորությամբ ըմբռնելու, գրքի խորհուրդն ու առաքելությունը հասկանալու և գնահատելու աննախադեպ հնարավորություններ ընձեռեց:
Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային տոնը նպաստում է նաև հեղինակների իրավունքների պաշտպանությանը, նրանց ստեղծագործական ինքնաբացահայտմանը, հատկապես թարգմանության միջոցով մշակույթների բազմազանության փոխներթափանցմանը, ինչպես նաև այն ամենի զարգացմանը, ինչն առնչվում է գրքին` որպես գիտելիքի կրող, արժեքային համակարգերի արտահայտիչ, ոչ նյութական արժեքների պաշտպան, երկխոսության միջոց, նյութական բարեկեցության և ստեղծագործական վերարտադրության հնարավորություն տվող պատուհան:
Գիրքը նաև տնտեսական կյանքի և բարոյահոգեբանական կամքի վերականգնման ու ամրապնդման անփոխարինելի միջոց է: Նրա նշանակությունը չի սահմանափակվում սոսկ գրահրատարակչական ոլորտով, գիրքը նաև գիտելիքի ձեռքբերման և հարստացման, բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց և արտադրության, առևտրի ու ծառայությունների բոլոր ճյուղերի միջև այդ գիտելիքի ու փորձի փոխանակման գործիք է, ահա թե ինչու գիրքը յուրաքանչյուր երկրում տնտեսական կյանքի և արդյունաբերական արտադրության սիրտն է հանդիսանում:
Այդ գործառույթին պետք է ավելացնել նաև զգայական-հոգեբանական այն մեծ ազդեցությունը, որ ունենում է գիրքը դպրոցներում, գրադարաններում և ընտանիքներում, քանի որ գրքի ընթերցանությունը զուգորդվում է նորմալ կյանքի վերադառնալուն` դրանով իսկ աջակցելով և հնարավորություն տալով մարդկանց հաղթահարելու հոգեկան ծանր ապրումներով պայմանավորված ցնցումները :
«Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ընտրելու ամենամյա մրցույթի անցկացման առաջարկությամբ նախ հանդես եկան «Հրատարակիչների միջազգային ասոցիացիան», «Գրադարանների ասոցիացիաների և կազմակերպությունների ֆեդերացիան» և «Գրավաճառների միջազգային ֆեդերացիան», որոնց նախագահներն էլ գլխավորեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորաստեղծ հանձնախումբը:
2001 թվականի Գրքի համաշխարհային առաջին մայրաքաղաքի պատվավոր կոչումը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչի գլխավորությամբ կայացած նախընտրական հանձնախմբի անդրանիկ նիստի որոշմամբ, շնորհվեց Մադրիդին:
Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք ընտրվեց 2012 թվականին: